Սա գրել եմ 2021-ի հունիսի 22-ին: Ընտրություններից երկու օր հետո: Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին:
«Սթրեսը, հիասթափությունը, զայրույթը կանցնեն, օրգանիզմն ու գիտակցությունը կադապտանան իրողություններին և կհավասարկշռեն ձեզ: Դրանից հետո խնդրում եմ կշռադատված մտածել հետևյալի մասին: Ստորև «Դուք» բառի փոխարեն օգտագործելու եմ «Մենք» , «Մեր» բառերը, չնայած նրան, որ այն, ինչն ասում եմ՝ աշխատել եմ չանել, գիտակցելով դրա քաղաքական և հանրային վնասները:
Երբ մենք մարդկանց ասում էինք ժեխ, Ճկունը նրանց ասում էր հպարտ քաղաքացի և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք մարդկանց ասում էինք անգիտակից, Ճկունը նրանց կոչում էր սիրելի քաղաքացիներ և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք խոսում էինք մարդկանց մեդիագրագիտության պակասից և անգրագիտությունից, Ճկունը այդ մարդու աչքն էր մտցնում Perfect TV նյութերը և ստանում նրա ձայնը:
Երբ մենք մարդկանց կոչում էինք անհայրենիք ու թուրք, ճկունը նրանց շնորհակալութուն էր հայտնում իրենց որդիների ծառայության և զոհողության համար և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք մարդկանց կոչում էինք զոմբի, տարածելով և ի ցույց դնելով նրանց մտավոր և ֆիզիկական արատները, Ճկունը նրանց կոչում էր սիրելի ժողովուրդ և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք աշխատում էինք մեր ընտրազանգվածի հետ և գովերգում նրան, Ճկունը աշխատում էր իր ընտրազանգվածի հետ և փառաբանում նրանց և ստանում նրանց ձայները, իսկ այդ ընտրազանգվածները ի սկզբանե նույնաթիվ և նույնաքանակ չէին:
Երբ մենք Facebook-ում կոչելով մարդկանց ժեխ, զոմբի,անգիտակից մասսա, անգրագետ, թուրք, մտավոր հետամնաց և անհայրենիք, զբաղված էինք մեր այդպիսինը չլինելու ապացուցմամբ և զայրույթի արտահայտմամբ, Ճկունը հենց իրական կյանքում սիրով և խնամքով հավաքում էր իր կողմից ստեղծված սոցիալական բևեռացվածության և մեր կողմից օտարված և անկյուն քշված այդ ընտրազանգվածին և հենց քաղաքական որոշիչ միջոցառման, այն է՝ ընտրության ժամանակ, դա վերածում էր ՁԱՅՆԻ: Սիրով ընդունում մեր կողմից քշվածներին, ստորադասվածներին, վիրավորվածներին, ստորացվածներին և նրանց կոչելով հպարտ, առաքինի, արդար և ուժեղ, արժևորում և ստանում էր նրանց ՁԱՅՆԵՐԸ: Իսկ ՁԱՅՆԸ ՁԱՅՆ Է, ումը ուզում է լինի, այն անհասցե է, անդեմ, այն թիվ է, որը բերում է իշխանության:
Պետք է վերջ տալ այս «էլիտար Facebook-յան քաղաքական ժամանցին», այն ավելի քան վնասեց իրական քաղաքական կյանքին: Դրա դիվիդենտը տարավ միայն և միայն Ճկունը: Նա մեզ հոշոտման տվեց մի ընտրազանգված, որին մենք «գեղեցիկ փաթեթավորած» և գլխին էլ ժապավեն կապած նվիրեցինք նրան որպես ընտրողի ձայն: Սա ձերդ գերազանցություն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, որն ունի հետևանքներ, այլ ոչ թե ընդամենը Facebook -յան ժամանց և նյարդերի լիցքաթափություն»:
Վլադիմիր Մարտիրոսյան